Պաշտոնական Երևանն ու Բուդապեշտը կքննարկեն դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը, «Ազատությանը» փոխանցեց դիվանագիտական աղբյուրը։

Աղբյուրի համաձայն, հարցը քննարկվելու է Հայաստանի և Հունգարիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպման ժամանակ, որը նախատեսված է այսօր Լեհաստանի Լոձ քաղաքում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակում։

«Հաշվի առնելով փաստը, որ Հունգարիան անցած տարի աջակցել է 5 հայ ռազմագերիների հայրենադարձմանը, Հայաստանը քննարկում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը», - ասաց «Ազատության» դիվանագիտական աղբյուրը։

Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են 2012 թվականից Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ` 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան արտահանձնումից հետո: