Օրերս ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա տարածքային բաժինների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարզային վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է տարբեր տեսակի և նշանակության զինամթերքի կամավոր հանձնման դեպք։ Բնակչության հետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Մարտունիի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները. արդյունքը՝ տարբեր տեսակի ատրճանակների, պայթուցիչներով նռնակների և այլ զինամթերքի կամավոր հանձնումներ։ Ճամբարակի բաժնում ևս արձանագրվել է ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք:

Տարբեր տրամաչափի փամփուշտների և պայթուցիչով նռնակի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Վարդենիսի բաժնում։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։