Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայ-ադրբեջանական վերջին բախումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարությանն է զեկուցել սոցցանցերում տարածված բռնության ու սպանության տեսանյութերի մասին՝ այս հարցերը քննարկելով Հայաստանում մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակի հետ: Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ: Նշենք, որ Թրեյսին առաջադրվել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Նա ընդգծել է, որ այսօր Ուկրաինայում պատերազմի պայմաններում հետխորհրդային շատ երկրներ, ներառյալ Հայաստանը, որոնք կախում ունեն Մոսկվայից, մտահոգված են իրենց անկախության և ինքնիշխանության ապագայով: Նա կարևորում է Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնությունը, որի շնորհիվ հաջողվել է որոշակիորեն նվազեցնել կախվածությունը Մոսկվայից:

«Ռուսաստանի հետ նախկին կամ ներկայիս հարաբերությունները չեն համապատասխանում Հայաստանի այսօրվա կարիքներին: Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև շատ կարևոր քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչպես մենք կարող ենք օգտակար լինել Հայաստանին ավելի ժողովրդավարական և ապահով ապագայի հարցում: Նշեմ, որ այնտեղ ևս կան բազմաթիվ անվտանգության մարտահրավերներ, որտեղ Ռուսաստանն ունի դերակատարություն, և մենք պետք է շարունակենք ուշադրություն դարձնել դրան»,- նշել է Թրեյսին: