Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Ուկրաինայում պատերազմի դադարեցման շուրջ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները դեռ «հնարավոր են»:

ABC News-ին տված հարցազրույցում, խոսելով Ուկրաինայում «հաջողված խաղաղության» իր տեսլականի մասին, Մակրոնը նշել է, որ այդ խաղաղությունը պետք է լինի «կայուն» եւ աջակցվի ուկրաինացիների կողմից։

«Լավ խաղաղությունը խաղաղություն չէ, որը կպարտադրվի ուկրաինացիներին ուրիշների կողմից»,- ասել է Մակրոնը՝ հավելելով. «Լավ խաղաղությունը այն խաղաղությունը չէ, որը միջնաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում չի ընդունի երկու կողմերից մեկը»։

«Կարծում եմ՝ նախագահ Պուտինը մեծ սխալ թույլ տվեց՝ սկսելով այս պատերազմը»,- ասել է Մակրոնը՝ հիշատակելով 2014 թվականից հետո Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ կնքված Մինսկի համաձայնագրերը։

«Եղել է քաղաքական-դիվանագիտական գործընթաց՝ միջազգային հանրության մասնակցությամբ։ Եվ նա (ՌԴ նախագահը - խմբ.), հիմնվելով կեղծ նարատիվի վրա, ինքն է որոշել, որ ՆԱՏՕ-ն կօգտագործի Ուկրաինային Ռուսաստանի վրա հարձակվելու համար, ինչը լիովին սխալ է»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, թե, այնուամենայնիվ, հուսով է, որ Պուտինը «ռացիոնալ» կլինի պատերազմի դադարեցման բանակցություններում։ «[Պուտինը] ղեկին է եւ բավականին վաղուց իշխանության գլխին է... Նա ճանաչում է իր ժողովրդին: Կարծում եմ՝ նա սխալվել է»,- ասել է Մակրոնը։ «Մի՞թե հնարավոր չէ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ եւ ինչ-որ բան քննարկել։ Կարծում եմ՝ դա դեռ հնարավոր է»: