Գերմանիան եւ Նորվեգիան Եվրոպայի ստորջրյա ենթակառուցվածքի պաշտպանությունը համակարգելու խնդրանքով կդիմեն ՆԱՏՕ-ին՝ «Հյուսիսային հոսք» գազատարի ցանցի վրա ենթադրյալ հարձակումների ֆոնին, հաղորդում է Reuters-ը:

Եվրոպական երկրներն ուժեղացրել են զգոնությունը կրիտիկական օբյեկտների նկատմամբ այն բանից հետո, երբ սեպտեմբերին պայթյուն է տեղի ունեցել «Հյուսիսային հոսք 1» եւ «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերում։ Քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են պայթուցիկի հետքեր եւ կասկածում են, որ խողովակաշարերը դիտավորյալ են պայթեցվել: 

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ ՆԱՏՕ-ի մասնակցությունը ազդանշան կդառնա արտաքին աշխարհի համար: «Մենք շատ լուրջ ենք վերաբերվում մեր կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությանը, եւ ոչ ոք չպետք է մտածի, որ հարձակումները կմնան անհետեւանք»,-ասել է նա։

Նորվեգիան վճռորոշ դեր է խաղացել Եվրոպա գազի առաքման գործում այն բանից հետո, երբ Ռուսաստանը կրճատել է արտահանումը։ Շոլցը նշել է, որ Նորվեգիան ներկայումս ապահովում է Գերմանիայի կարիքների մոտ կեսը: