Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել Եվրամիությանը շարունակել ներդրումները Չինաստանում՝ օգտվելով Եվրոպայի աճող մտավախություններից, որ ԱՄՆ-ն դառնում է Բրյուսելի թշնամական առեւտրային մրցակից, գրում է Politico-ն:

«Չինաստանն ակնկալում է, որ ԵՄ-ն կկիսվի Չինաստանի հսկայական շուկայական հնարավորություններով»,-ասել է Ծինփինը Պեկինում Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ: «Չինաստանը եւ ԵՄ-ն պետք է համատեղ զսպեն առեւտուրը եւ տեխնոլոգիաները զենքի վերածելն ու քաղաքականացնելը։ Չինաստանը բաց կմնա եվրոպական ընկերությունների համար եւ հուսով է, որ ԵՄ-ն կմերժի միջամտությունը եւ չինական ընկերություններին կտրամադրի արդար եւ թափանցիկ բիզնես միջավայր»,-հավելել է նա։

«Մենք ողջունում ենք Եվրոպայի շարունակվող փոխշահավետ համագործակցությունը»,-շեշտել է Ծինփինը։

Իր հերթին, Միշելն իր ուղերձում կենտրոնացել է Ռուսաստանի վրա՝ ասելով, որ ԵՄ-ն «հույս ունի», որ Չինաստանը «կոչ կանի Ռուսաստանին հարգել ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական սկզբունքները եւ դադարեցնել դաժան ավերածությունները եւ օկուպացիան»։

Մամուլի ասուլիսի ժամանակ Միշելը հայտարարել է, որ ՉԺՀ առաջնորդն իրեն հավաստիացրել է, որ Չինաստանը զենք չի ուղարկում Ռուսաստան եւ որ միջուկային սպառնալիքն անընդունելի է։

«Ինչ վերաբերում է բողոքի ցույցերին, այո, մենք քննարկել ենք այն։ ԵՄ-ի համար հավաքների իրավունքը հիմնարար իրավունք է՝ երաշխավորված միջազգային փաստաթղթերով»,-ասել է Միշելը։

Ինչ վերաբերում է առեւտրին, Միշելը նշել է Չինաստանում ԵՄ ընկերությունների եւ ներդրողների առջեւ ծառացած դժվարությունները՝ ընդգծելով, որ «առեւտրային հարաբերությունների վերաբալանսավորումը» եվրոպական առաջնորդների համար «առանցքային» խնդիր է։