Հակամենաշնորհային կարգավորման նախարարությունում քննարկվել է Բելառուսում Հայաստանի առեւտրի տուն ստեղծելու հնարավորությունը, հայտնում է BelTA-ն։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ինչպես նաեւ Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման եւ առեւտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովը։

«Հայաստանի բոլոր սուպերմարկետներում կան բելառուսական տարբեր ընկերությունների ապրանքներ: Սակայն մենք ուզում ենք ավելի շատ բելառուսական ապրանքներ տեսնել մեր շուկայում, բայց մեզ համար կարեւոր է նաեւ մեր ընկերությունների զարգացումը: Մեր կողմից կարող ենք առաջարկել պարենային եւ ալկոհոլային արտադրանք: Այսօր մենք քննարկում ենք նաեւ Բելառուսում հայկական առեւտրի տուն ստեղծելու հնարավորությունը, որպեսզի վերացնենք մեր երկրից ձեր երկիր ալկոհոլի մատակարարման խոչընդոտները։ Մեզ համար սա կարեւոր հարց է»,- նշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարը։

Նրա խոսքով, Հայաստանը շահագրգռված է զարգացնել Բելառուսի հետ համագործակցությունը մեքենաշինության, շինարարական, սննդամթերքի մատակարարման, ինչպես նաեւ ֆինանսական ոլորտում։ «Այս տարի մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է, բայց ես եւ իմ գործընկերները վստահ ենք, որ սա ճանապարհի միայն սկիզբն է: Մեր երկրները տարբեր ոլորտներում աճի մեծ ներուժ ունեն: Մենք գտնվում ենք նույն տնտեսական մաքսային գոտում, ուստի հարաբերությունները, որոնք կան Բելառուսի եւ Հայաստանի միջեւ, թույլ կտան էապես բարելավել երկու երկրների տնտեսությունները։ Իհարկե, դրա համար պետք է որոշակի ջանքեր գործադրել, բայց լավ արդյունք անպայման կլինի»,- ամփոփել է Վահան Քերոբյանը։

2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 128,5 մլն դոլար (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 206,2 տոկոս)։