Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Twitter-ի բովանդակության մոդերացիայի քաղաքականության մեղմացումը «մեծ խնդիր է», հաղորդում է Reuters-ը:

Այս շաբաթվա սկզբին Իլոն Մասկին պատկանող սոցիալական ցանցը որոշել էր հրաժարվել COVID-19-ի հետ կապված ապատեղեկատվության դեմ պայքարին ուղղված քաղաքականությունից:

Հոկտեմբերին Twitter-ը գնելուց հետո աշխարհի ամենահարուստ մարդը վերականգնել է նաեւ նախկինում արգելափակված որոշ հաշիվներ, այդ թվում՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվը: Մասկն անցյալ շաբաթ ասել է, որ հարթակը «ընդհանուր համաներում» կշնորհի որոշ արգելափակված հաշիվների:

«Խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը հիմնված են հարգանքի եւ հասարակական կարգի վրա: Դուք կարող եք ցույց տալ, դուք կարող եք ունենալ խոսքի ազատություն, դուք կարող եք գրել ինչ ուզում եք, բայց կան պարտավորություններ եւ սահմանափակումներ»,- ասել է Մակրոնը՝ հավելելով, որ կողմ է ավելի շատ կանոնակարգմանը։

Ավելի վաղ Եվրամիությունը Twitter-ին սպառնացել էր արգելքով, եթե Մասկը չհետեւի բովանդակության մոդերացիայի իր խիստ կանոններին: