Հունաստանը, Բուլղարիան, Ռումինիան եւ Հունգարիան պայմանավորվել են արդիականացնել իրենց գազային ցանցերի միջհամակարգային եւ տրանսպորտային հզորությունները՝ գազի աղբյուրների դիվերսիֆիկացման եւ Եվրոպա էներգակիրների մատակարարումների շղթայում դրանց դերի բարձրացման նպատակով, տեղեկացրել է Reuters-ը։

2016թ. չորս երկրներ պայմանավորվել են զարգացնել ենթակառուցվածքը այսպես կոչված Ուղղահայաց գազային միջանցքի իրականացման համար, որը գազի երկկողմ հոսք կապահովի Հունաստանից Հյուսիսային Եվրոպա Բուլղարիայով, Ռումինիայով եւ Հունգարիայով։

Փոխըմբռնման հուշագրի համաձայն, որն ստորագրվել է հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) վերաբերյալ աթենքյան համաժողովի շրջանակում, հունական DESFA-ն, բուլղարական Bulgartransgaz-ը, հունգարական FGSZ-ը եւ ռումինական Transgaz-ը համաձայնել են բանակցություններ սկսել միջանցքի կարգավորիչ եւ տնտեսական կողմերի մասին։

Համաձայնագիրը նախատեսված է երեք տարվա համար, ավելացրել են ընկերությունում։

«Սա կարեւոր քայլ է Ուղղահայաց միջանցքի իրականացման գործում, նախագիծ, որը զգալի ավանդ կներդնի մատակարարումների անվտանգության ապահովման ուղղությամբ ավելի մեծ արածաշրջանում»,- ասել է DESFA-ի գործադիր տնօրեն Մարիա Ռիտա Գալին։ Նա ավելացրել է, որ միջանցքն էլ ավելի կամրապնդի Հունաստանի եւ ամբողջ տարածաշրջանի դերը էներգետիկայի ոլորտում։

ICGB-ն՝ Հունաստանի եւ Բուլղարիայի (IGB) միջեւ երկրորդ գազատարի՝ Ուղղահայաց միջանցքի կարեւոր մասի սեփականատերը, որն աշխատանքն սկսել է այս տարի, եւ Gastrade-ը՝ հունական հյուսիսային Ալեքսանդրուպոլիս նավահանգստի մոտ գազի պահեստավորման լողացող սարքավորման ստեղծողը, նույնպես ստորագրել են համաձայնագիրը։

IGB-ն ավելի կկարեւորվի, երբ նրա առավելագույն տարեկան հզորությունը հասնի 3 մլրդ խորանարդ մետրի։

Հունաստանն սկսել է գազ արտահանել Բուլղարիա, որի մատակարարումները Ռուսաստանից դադարեցվել են այս տարվա սկզբին, երբ Բուլղարիան հրաժարվել էր գազի դիմաց վճարել ռուբլով։

Վերջին իրադարձությունը համապատասխանում է Եվրոպայում հեղուկացված բնական գազի հիմնական տարանցիկ երթուղի դառնալու Հունաստանի պլաններին։

Այս տարի Աթենքը ավելի քան կրկնակի կրճատել է ռուսական գազի ներմուծումը, դրա փոխարեն ավելացրել ՀԲԳ-ի մատակարարումները, հիմնականում ԱՄՆ-ից եւ Եգիպտոսից, Ռեւիտուսի իր միակ ՀԲԳ գործարանում, որն այնքան էլ հեռու չէ Աթենքից։