ԱՄՆ-ն ու Ֆրանսիան հաստատում են, որ միջուկային զսպումը կարեւոր նշանակություն ունի իրենց ազգային անվտանգության համար եւ ՆԱՏՕ-ի զսպման ու պաշտպանական կարողությունների ընդհանուր ներուժի առանցքային բաղադրիչն է: Այս մասին ասվում է Սպիտակ տանը երկու երկրների նախագահներ Ջո Բայդենի եւ Էմանուել Մակրոնի հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ։

Առաջնորդները «հաստատում են, որ ՆԱՏՕ-ի միջուկային ներուժի հիմնական նպատակը խաղաղության պահպանումն է, հարկադրանքի կանխումը եւ Հյուսիատլանտյան դաշինքի դեմ ագրեսիան զսպելը»:

«Նրանք հաստատում են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կարեւորությունը եւ իրենց անհամաձայնությունը Միջուկային զենքի արգելման պայմանագրին, որը չի արտացոլում միջազգային անվտանգության ավելի ու ավելի բարդ պայմանները եւ հակասում է չտարածման ու ապառազմականացման գոյություն ունեցող սկզբունքներին։

Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան նաեւ հաստատում են իրենց աջակցությունը Փոխադարձ պաշտպանության համաձայնագրին ու մտադիր են ընդլայնել տեխնիկական համագործակցությունը ռազմավարական ռիսկերի նվազեցմանն առնչվող հարցերի լայն շրջանակում»,- ասվում է հայտարարության մեջ։