ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե վերջինս հետաքրքրություն արտահայտի Ուկրաինայի դեմ պատերազմի դադարեցման հարցում, հայտնում է CNN-ը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու միայն մեկ ռացիոնալ միջոց կա՝ «հեռանալ» երկրից։ «Բայց կարծես թե նա (Պուտինը) չի պատրաստվում դա անել: Նա շատ թանկ գին է վճարում դա չանելու համար, բայց անհավանական սպանդ է իրականացնում Ուկրաինայի խաղաղ բնակչության հանդեպ: Ռմբակոծում է մանկապարտեզները, հիվանդանոցները, մանկատները»,- ասել է Բայդենը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ։

Բայդենը հավելել է, որ չի ծրագրում շուտով կապվել Պուտինի հետ, բայց «պատրաստ է խոսել» Ռուսաստանի առաջնորդի հետ, «եթե իրականում նրա կողմից պատերազմին վերջ տալու ճանապարհ գտնելու շահագրգռվածություն կա, նա դա չի արել առայժմ»։

«Եթե դա այդպես է, ապա իմ ֆրանսիացիների եւ ՆԱՏՕ-ից իմ ընկերների հետ խորհրդակցելուց հետո ես ուրախ կլինեմ հանդիպել Պուտինի հետ, որպեսզի իմանամ, թե ինչ է նա ուզում: Նա դա չի արել առայժմ… Մենք պետք է աջակցենք ուկրաինացի ժողովրդին»: