Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարծում, որ դաշնակիցները չպետք է ուկրաինացիներին մղեն Ռուսաստանի հետ փոխզիջման, որը «անընդունելի կլիներ նրանց համար»։

«Մենք երբեք փոխզիջման կոչ չենք անի ուկրաինացիներին, որն անընդունելի է նրանց համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը՝ Վաշինգտոնում ԱՄՆ գործընկեր Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում պատասխանելով պատերազմի հնարավոր ավարտի մասին հարցին։

«Եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն, մենք պետք է հարգենք ուկրաինացիներին, որպեսզի նրանք որոշեն այն պահն ու պայմանները, որոնց դեպքում նրանք կբանակցեն իրենց տարածքի եւ իրենց ապագայի շուրջ»,- հավելել է Մակրոնը։

Նրա խոսքով, ԱՄՆ-ի աջակցությունը՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ Ուկրաինային ռազմական զենք տրամադրելու առումով, կարեւոր է ոչ միայն հարձակման ենթարկված երկրի, այլեւ ամբողջ Եվրոպայի համար։

«Որովհետեւ, եթե մենք կարծում ենք, որ կարող ենք հրաժարվել երկրից եւ հրաժարվել այդ սկզբունքներն ամբողջությամբ պահպանելուց, դա նշանակում է, որ այս աշխարհում որեւէ կայունություն չի կարող լինել»,- ասել է Մակրոնը։ «Կարծում եմ՝ չափազանց կարեւոր է, որ դուք այդպես ակտիվորեն մասնակցեք»,- ասել է նա՝ նկատի ունենալով այն գումարներն ու օգնությունը, որն ԱՄՆ-ն արդեն տրամադրել է Ուկրաինային։