Գնաճի նվազեցման մասին օրենքը ուղղված չէ եվրոպացի դաշնակիցներին, եւ դրանում կարող են փոփոխություններ արվել: Այս մասին Սպիտակ տանը իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է Reuters-ը։

«Մենք կարող ենք որոշակի փոփոխություններ կատարել, որոնք շատ ավելի կհեշտացնեն եվրոպական երկրների մասնակցությունը»,- ասել է Բայդենը:

Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան հինգշաբթի հայտարարել են ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ մաքուր էներգիայի խնդիրների շուրջ առեւտրային վեճերը լուծելու համար, որոնք ծագել են վերջերս ընդունված Գնաճի նվազեցման մասին օրենքի հետ կապված: Այս քայլը կապված է այն բանի հետ, որ Ֆրանսիան պնդում է, որ Սպիտակ տունն օգտագործի գործադիր իշխանությունը՝ մեղմելու կլիմայի օրինագծում որոշ խթանները, որոնք նպաստում են ներքին արտադրությանը եւ պոտենցիալ սահմանափակում առեւտուրը: ԵՄ-ն մտավախություն ունի, որ օրենքով նախատեսված սուբսիդիաները կարող են եվրոպական երկրներին զրկել ներդրումներից։

Բայդենն ասել է, որ ինքը ներողություն չի խնդրում ԱՄՆ-ում առաջին անհրաժեշտության ապրանքների արտադրությունը խթանելու համար, սակայն նշել է, որ ծավալուն օրենքը հաճախ է ճշգրտումների կարիք ունենում՝ չնախատեսված հետեւանքները հաղթահարելու համար: «Մենք պատրաստվում ենք շարունակել արտադրության մեջ աշխատատեղերի ստեղծումը Ամերիկայում, բայց ոչ Եվրոպայի հաշվին»,- ասել է Բայդենը։

«Մենք պայմանավորվեցինք կրկին սինխրոնիզացնել մեր մոտեցումները, մեր ծրագրերը, որպեսզի ներդրումներ կատարվեն շատ կարեւոր զարգացող ոլորտներում: Կիսահաղորդիչներ, մարտկոցներ, ջրածին»,- ասել է Մակրոնը։