Մի քանի օրից Երեւանում կլինեն համալիր միջոցառումներ, որով մենք ազդարարում ենք ամանորյա տոնական ծրագրի սկիզբը. Այդ միջոցառումները կընդգրկեն բոլոր վարչական շրջանները, իսկ համերգային հատվածը կենտրոնացված կլինի Հանրապետության հրապարակում, եւ Երեւանի 2750-ամյակի պուրակում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այս տարի լուսավորությունը լինելու է բացառիկ, եւ վստահ եմ՝ բոլորը տպավորված են լինելու կատարված աշխատանքով: Մենք նպատակ ենք ունեցել տոնական մթնոլորտը հասցնել բոլորին: Այս տարի Երեւանը հատկապես հյուրաշատ է լինելու՝ հաշվի առնելով նաեւ մանկական «Եվրատեսիլի» անցկացմամբ պայմանավորված Երեւան ժամանած հյուրերին:

Լուսավորությունը ամբողջ քաղաքում կմիանա «Եվրատեսիլի» բացման արարողությանը զուգահեռ: Կմիանան գլխավոր տոնածառի լույսերը»,-ասաց նա:

Ավինյանի խոսքով, տոնական միջոցառումների մի բաղադրիչ է լինելու Սուրբծննդյան տոնավաճառի անցկացումը Երեւանի 2750-ամյակի պուրակում, որը մեկնարկելու է դեկտեմբերի 5-ից եւ տեւելու է մինչեւ հունվարի 6-ը: Ավելի քան 40 տոնական տնակներում կազմակերպվելու է ամանորյա առեւտուր տարբեր տնտեսվարողների կողմից: Երեւանցիներին առաջարկվելու են հուշանվերներ, դեկորատիվ արվեստի նմուշներ,  սնունդ եւ այլն»:

Փոխքաղաքապետի խոսքով, տոնական օրերին կազմակերպվելու է 7 տոնական համերգ Երեւանի 2750-ամյակի պուրակում: Մեկնարկը տրվելու է դեկտեմբերի 9-ին, վերջին համերգը լինելու է հունվարի 6-ին: Իսկ Գալա համերգը լինելու է Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 31-ին, ժամը 23-ին: