Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Հասմիկ Մինասյանի հրավերով Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) աշխատաժողովներ է իրականացնում Արցախի պետական համալսարանում:

ՈԱԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախում գործող չորս բուհերի՝ Արցախի պետական, Շուշիի տեխնոլոգիական, Մեսրոպ Մաշտոց և Գրիգոր Ներեկացի համալսարանների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում քննարկվեցին.

ծրագրային հավատարմագրման առանձնահատկությունները,

ինքնավերլուծության դերը՝ հավաստելու կրթական ծրագրերի իրականացման լավ փորձը, դուրս բերելու խորքային խնդիրները,

կրթական ծրագրերի պլանավորման և վերջնարդյունքների ձեռքբերման ընթացքը,

ուսանողներին տրվող ընթացիկ առաջադրանքների, գնահատման և հետադարձ կապի կարևորությունը ակնկալվող արդյունքներին հասնելու համար,

ԱՀ-ում դասախոսների ընտրության մարտահրավերները և նորարական լուծումներ փնտրելը:

Աշխատաժողովների առանցքում էին նաև կրթական ծրագրերի որակի ապահովման գործընթացները: Քննարկումների ընթացքում ներկայացվեցին ծրագրային հավատարմագրման չափանիշների մեկնաբանման, դրանց վերլուծության առանձնահատկությունները: Մասնակիցները ներկայացրեցին կրթական ծրագրերում բարելավումների իրենց օրինակըվ, առկա մարտահրավերները, որոնք հաղթահարելուն ուղղված գործընթացների հստակ պլանավորումը կհանգեցնի սահմանված նպատակների իրագործմանը:

Արցախ այցելությունը կամփոփվի Արցախի պետական համալսարանի կրթական ծրագրերի մշտադիտարկմամբ, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին:

Նշենք, որ Արցախում աշխատաժողովներին մասնակից բոլոր բուհերն անցել են ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթաց, որոնց մասնամասներին կարելի է ծանոթանալ Հավատարմագրման պետական գրանցամատյանում՝ register.anqa.am: