Թաիլանդում տարրական դպրոցից ամեն օր լսվող աղմուկի պատճառով զայրացած տղամարդը հարեւան շենքից 18 կրակոց է արձակել դպրոցի ուղղությամբ, տեղեկացրել է Vice-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Թաիլանդի հարավային Ռանոնգ նահանգում, պատահածի հետեւանքով դպրոցականները եւ ուսուցիչները փախուստի են դիմել դպրոցի մեկ այլ շենք, ոչ ոք չի տուժել։ Այդ օրը պարապմունքներին աշակերտների մեծ մասը չի մասնակցել, եղել է ութ երեխա, որոնք հավաքվել էին մարզանքի։

Կրակողը, որին տեղի լրատվամիջոցներն անվանել են Վուտիֆոնգ Չալերմվուտանոն, ձերբակալվել է։ Տեղի ոստիկանական տեղամասում հարցաքննության ժամանակ 43-ամյա տղամարդն ասել է, որ նրան զայրացրել է այն աղմուկը, որը լսվել է ամեն առավոտ դպրոցից, այդ թվում երգեցողությունը եւ օրհներգի կատարումը։

Դպրոցի փոխտնօրեն Պորսին Սրիսուֆանը նշել է, որ իրենք փորձել են իջեցնել ձայնի բարձրությունը՝ երկու շերտ ձայնամեկուսացման օգնությամբ, բայց դա բավարար չի եղել Վուտիֆոնգին հանգստացնելու համար։