Ընդդիմության առաջարկը քննարկվել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության կողմից։ Ընդդիմության նախագծում կան բազմաթիվ դրույթներ, որոնք համընկնում են մեր գաղափարներին եւ մոտեցումներին։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի 2022թ. նոյեմբերի 8-ի հայտարարության ԱԺ հայտարարության նախագծի քնարկման ժամանակ, դեկտեմբերի 2-ին ասել է արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Խորհրդարանականի խոսքով՝ նախագծում քիչ չեն այն դրույթները, որոնց վերաբերյալ կողմերը կարող էին հասնել որոշակի պայմանավորվածությունների։ Այնուամենայնիվ, նրանց այդպես էլ չի հաջողվել վերջնական պայմանավորվել։ «Եղել են որոշ ձեւակերպումներ, որոնց վերաբերյալ երկու կողմերի դիրքորոշումները սկզբունքորեն հակադիր էին։ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության առաջարկած ձեւակերպումները մինչպատերազմյան արտաքին քաղաքականության տրամաբանության շարունակությունն ու կրկնությունն են»,- ասել է Աղաջանյանը։

Նա նշել է, որ ընդդիմության առաջարկած ձեւակերպումները չեն նպաստի համախմբմանը, ընդհակառակը, նոր ռիսկեր կառաջացնեն։