Ղրղըզստանում կանխիկ դոլարի դեֆիցիտ է. դրա հիմնական պատճառներն են արժույթի մատակարարման ժամանակ լոգիստիկ շղթաների խախտումը եւ բնակչության սպեկուլյացիաները՝ փոխարժեքի տարբերությունից շահույթ ստանալու նպատակով ,հայտնել է  տեղական Կենտրոնական բանկը՝ Ղրղըզստանի Ազգային բանկը (ՂԱԲ)։

Դեֆիցիտի դեմ պայքարելու համար ՂԱԲ-ը մի շարք հակաճգնաժամային միջոցներ է ձեռնարկել՝ կոմերցիոն բանկերի, փոխանակման կետերի եւ միկրոֆինանսական կազմակերպությունների  համար արգելք սահմանելով երկրից կանխիկ դոլարի դուրս բերման հարցում։

Միաժամանակ ԿԲ-ն ընդգծել է, որ երկրի օրենսդրությունն ապահովում է կապիտալի ազատ տեղաշարժը, ուստի մյուս իրավաբանական, ինչպես նաեւ բոլոր ֆիզիկական անձինք կարող են առանց խոչընդոտների արտարժույթ ներմուծել և արտահանել։

Ղրղըզստանի շատ բանկեր ներկայումս զբաղված են արտարժույթի, այդ թվում՝ դոլարի մատակարարման կազմակերպմամբ, սակայն լոգիստիկ դժվարությունները ազդում են դրանց վերջնական արժեքի վրա։ ՂԱԲ-ը ներկայացրել է տեղական վարկային կազմակերպությունների տվյալները, որոնց համաձայն՝ դոլարի կանխիկացման միջնորդավճարը 0,5-ից հասել է 4 տոկոսի։