Մենք համաձայն չենք Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի մեկնաբանություններին Ալմաթիի հռչակագրի մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 2-ին ասել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Նախ՝ հռչակագիրն ընդունվել է վերապահումներով։ Բացի այդ, դրանում կան կետեր ինքնորոշման մասին։ Լավրովն ասել է, որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է թողնել ապագային, բայց իրավիճակը բարդացել է Պրահայում հանդիպումից հետո, որտեղ Փաշինյանը եւ Ալիեւը Ալմաթիի հռչակագրի հիման վրա համաձայնության են եկել։ Բայց ժողովուրդը Հայաստանի իշխանություններին ինքնորոշման իրավունքից հրաժարվելու իրավունք չի տվել, չնայած Հայաստանի իշխանությունները հրաժարվել են Արցախից։ Լավրովը կամ մեկ ուրիշը պետք է ասի՞, որ մենք հասկանանք։ Հայաստանի իշխանություններն իրենք են այդ մասին բացահայտ ասում»,- նշել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ասել էր. «Իսկ հոկտեմբերի վերջին Սոչիի հանդիպման ժամանակ մենք ցանկանում էինք վերադառնալ այդ հարցին եւ հասկանալ, թե որքանով են մեր գործընկերները պատրաստ գործել ջենթլմենական այդ ըմբռնման հիմա վրա՝ լուծել բոլոր հարցերը, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցը թողնել «հետո»-ին, բայց երբ նախագահ Ալիեւը եւ վարչապետ Փաշինյանը եկան Սոչի, նրանք Պրահայից բերեցին այն փաստաթուղթը, որում ասվում էր, որ իրենք ցանկանում են ստորագրել խաղաղության պայմանագիր՝ ղեկավարվելով ՄԱԿ Կանոնադրությամբ եւ Ալմաթիի հռչակագրով։ Իսկ Ալմաթիի հռչակագիրը ԱՊՀ-ի ստեղծման մասին հստակ նշում է, որ նոր պետությունների միջեւ սահմանները հիմնվելու են նախկին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների սահմանների վրա, որտեղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը միանշանակ Ադրբեջանական ԽՍՀ-ի մասն է»։