Ազգային ժողովի հայտարարության նախագծի տեքստում՝ ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության, ներկայացվել են դրույթներ, որոնք համահունչ չեն «Քաղաքացիական պայմանագրի» պատկերացումներին։ ՀՀ իշխանությունը կարծում է, որ ստատուս քվոյի պահպանման 30-ամյա քաղաքականությունը հանգեցրել է այսօրվա իրավիճակին։ Այս մասին դեկտեմբերի 2-ին  Ազգային ժողովի արտահերթ նիստում  ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Այս ընթացքում Հայաստանի քաղաքականությունը, ինչպես նշեց պատգամավորը, հանգեցրել է նրա դիվանագիտական մեկուսացման։ «ՀՀ ներկայիս իշխանության գերխնդիրը այս մեկուսացման էջը շրջելն ու միջազգային հանրության հետ Հայաստանի առավելագույն համախմբումն ապահովելն է։ Դրա համար նվազագույն պայմանը հենց այն տերմինաբանության կիրառումն է, որը հասկանալի եւ ընդունելի է միջազգային հանրության համար»,-ասաց Աղաջանյանը։

Նա վստահ է, որ ընդդիմության ձեւակերպումները չեն նպաստի միջազգային հանրության հետ համախմբմանը։ Ավելին, դրանք լրացուցիչ ռիսկեր կառաջացնեն։ «Այնուամենայնիվ, մենք քաղաքական կամք ունենք համատեղ հայտարարությամբ հանդես գալու համար»,-հավաստիացրեց պատգամավորը։