Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման որոշումը հերթական խայտառակությունն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 2-ին ասել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Դա, նրա գնահատմամբ, վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանություններն անողնաշար քաղաքականություն են վարում։ «Իշխանություններն այս քայլով ներում են քնած հայ սպային սպանած եւ Ադրբեջանում հերոսացված Ռամիլ Սաֆարովին»,- ավելացրել է Սաղաթելյանը։

Պատգամավորը վստահություն է հայտնել, որ այս ամենն արվում է միասնական քաղաքականության համատեքստում՝ պատահական չհամարելով Հունգարիայի վարչապետի ներկայությունը Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների վերջին հանդիպմանը։ «Խաղաղության կեղծ օրակարգ է առաջադրվում՝ նոր զիջումների գնալու եւ Ղարաբաղից հայերին վտարելու նպատակով։ Մարդիկ պետք է հստակ հասկանան, որ Ղարաբաղի հանձնումը նշանակում է Հայաստանի հանձնում»,- ընդգծել է նա։

Նշենք, որ Լոձում ԵԱՀԿ Նախարարական համաժողովի շրջանակում, Հայաստանի եւ Հունգարիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Պետեր Սիյարտոյի հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն լիարժեք դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին։

Հիշեցնենք, որ Հայաստանը դադարեցրել էր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ 2012թ., այն բանից հետո, երբ այդ երկիրը Բաքվին էր հանձնել ադրբեջանցի «սպա» Ռամիլ Սաֆարովին, որը Հունգարիայում դատապարտվել էր ցմահ բանտարկության հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար եւ  հետագայում ներման էր արժանացել հայրենիքում։ Նշենք նաեւ, որ Ադրբեջանի այսպես կոչված «հերոսը» կացնահարել էր քնած հայ սպային։