ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պարզ հասկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բանակցային օրակարգից դուրս է եկել հայկական կողմի մեղքով։ Ազգային ժողովի արտահերթ նիստում ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի նոյեմբերի 8-ի հայտարարության ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ, այս մասին հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։

Պատգամավորը նշեց, որ ոչ ԱԳՆ-ն, ոչ իշխող կուսակցությունը, ոչ Հայաստանի վարչապետը ոչ մի կերպ չեն արձագանքել ռուս նախարարի հայտարարություններին։

Ընդդիմադիրը անընդունելի անվանեց այն, որ Ալմա-Աթայի հռչակագիրը դիվանագիտական շրջանառության մեջ դրվեց հայկական կողմի թեթեւ ձեռքով։ «30 տարվա ընթացքում Ադրբեջանում ոչ ոք չի հիշել Ալմա-Աթայի հռչակագրի մասին։ Այս երկրի ոչ մի նախագահ եւ ոչ մի պատգամավոր։ Եվ միայն Հայաստանի ներկայիս իշխանությունների «շնորհիվ» այս փաստաթուղթը դարձավ Ադրբեջանի ձեռքում հիմնական բանակցային գործիք»,- ասաց Մամիջանյանը։