Տեսակետները, թե պարեկները խոշտանգել են քաղաքացիներին, առերեւույթ չի համապատասխանում իրականությանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 26-ին Լոռու մարզում տեղի ունեցած միջադեպին:

«Տվյալ պահին հարուցվել է քրեական վարույթ, որի արդյունքում արդեն բոլոր հանգամանքները պարզ կլինեն: Ավելին ասեմ, այնտեղ նույնիսկ հակառակ պրոցեսն է տեղի ունեցել, քաղաքացիների կողմից են եղել ոչ օրինաչափ գործողություններ:

Իսկ դուք  գիտե՞ք, թե պարեկներից վնասվածքներ ստացել են, թե ոչ: Եթե չեմ սխալվում, երկու պարեկ է տուժել: Տեսագրությունները կան: Տեսագրությունը եթե տեսնեք, այնտեղ քաղաքացիները մետաղական ձողերով վնասվածքներ են հասցնում պարեկային ծառայողներին: Առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի արդեն քրեական վարույթի շրջանակներում»,-ասաց նա:

Հարցին, թե որնէ  եղել միջադեպի պատճառտը, փոխոստիկանապետը պատասխանեց. «Ավտոմեքենան վարել են կոպիտ խախտումներով, պարեկային ծառայողները փորձել են կանգնեցնել, որի արդյունքում այդ ամբողջ միջադեպը տեղի է ունեցել»:

Դա Փաշինյանի ավտոշարասյան հետ կապված չի՞ եղել, հարցին էլ, արձագանքեց. «Չեմ կարող ասել՝ երբ է տեղի ունեցել, բայց տեղի է ունեցել ակնհայտ վարչական իրավախախտում»:

Հարցին, թե աարդյոք սա տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ, Ֆիդանյանն ասաց. «Ձեր հարցը չի բխում այն իրողությունից, որն ունենք տվյալ իրավիճակում: Ես ներկայացնում եմ, որ քաղաքացիները մետաղյա ձողերով հարձակվում են պարեկների վրա, դուք խոսում եք բարեփոխումներից: Բարեփոխում չի նշանակում, որ ոստիկանը պետք է կանգնի եւ յուրաքանչյուր անձ գա մետաղական ձողով հարձակվի, վնասի, եւ ոստիկանը որեւէ քայլ չձեռնարկի: Դուք դա՞ եք դիտարկում բարեփոխում: Ես այդպես չեմ համարում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 26-ին, Լոռիում միջադեպ է տեղի ունեցել պարեկների ու քաղաքացիների միջեւ: ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանության աշխատակցի հրահանգներին, ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո ոստիկանության աշխատակիցներից մեկը վարչական իրավախախտումն արձանագրելու համար մոտեցել է վարորդին, սակայն բենզալցակայանի տարածքում գտնվող քաղաքացին մոտեցել և խոչընդոտել է ոստիկանության աշխատակցի օրինական գործողություններին: Մոտեցել են նաև այլ քաղաքացիներ, որոնցից մեկը ձեռքով հարվածել և հայհոյել է դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներից մեկին:

Ըստ հաղորդագրության՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության այլ աշխատակիցներ ևս, որից հետո մի շարք քաղաքացիներ կրկին դուրս են եկել և վիճաբանել վերջիններիս հետ, իսկ նրանցից մեկը մետաղյա ձողով հարձակվել է ոստիկանության աշխատակցի վրա, որը կանխվել է այլ քաղաքացիների կողմից, իսկ քաղաքացիներից մեկը հեղուկ է ցողել ոստիկանների ուղղությամբ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և 452-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) հատկանիշներով:

Նշենք, որ այդ միջադեպի մասին ահազանգել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Նա գրել էր, որ այդ շարասյունը պատկանում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ պատգամավորի՝ ոչնչացվել են միջադեպը տեսագրած տեսախցիկների նյութերը և միջադեպի մասնակիցներին հորդորել են որևէ կերպ չբարձրաձայնել դեպքի մասին:

«8 ավտոյով եկան, ծեծեցին բոլորիս, կոտրեցին արհեստանոցը». ականատեսը՝ Վանաձորում պարեկների կողմից ծեծի ենթարկելու դեպքին