Գերմանիան Ուկրաինային եւս յոթ Gepard զենիթային ինքնագնաց սարքավորումներ եւ 100 000 անհատական դեղատուփ կմատակարարի։ Սա բխում է Գերմանիայի կառավարության հրապարակած մատակարարումների ցուցակից։

Նոր մատակարարումները նշված են «պատրաստում-կատարում» բաժնում: Կառավարությունն ընդգծում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ձեռնպահ է մնում տեղափոխման եղանակների եւ ժամկետների մասին մանրամասներ հրապարակելուց մինչեւ օգնության փաստացի փոխանցումը։

Der Spiegel-ը հայտնում է, որ յոթ Gepard ԶԻ սարքավորումները, որոնք արդեն նախատեսվում էր ոչնչացնել, այժմ վերանորոգվում են զենքի մյունխենյան Krauss-Maffei Wegmann (KMW) ընկերությունում, եւ դրանք գարնանը պետք է փոխանցվեն Ուկրաինային: Այս պահին Ուկրաինայի զինված ուժերում 30 այդպիսի ԶԻՍ կա, նշում է Reuters-ը։

Ինչպես երեւում է կառավարության կայքի նույն ցուցակից, անցյալ շաբաթ Գերմանիան Ուկրաինային է փոխանցել երեք զրահապատ Beaver կամրջակառույց, ութ վերջրյա անօդաչու թռչող սարք, սահմանապահ ծառայության 12 մեքենա, 4000 քնապարկ, 30 շտապօգնության մեքենա եւ MI-24 ուղղաթիռների պահեստամասեր։

Ընդհանուր առմամբ, դաշնային կառավարությունը տարեսկզբից հաստատել է Ուկրաինա 1,9 միլիարդ եվրոյի չափով ռազմական ապրանքների արտահանումը։ Այս գումարը չի ներառում պաշտպանական սպառազինության որոշ մատակարարումներ։ Առաքումների արագացման նպատակով պարզեցվել է դրանց համար լիցենզիաների տրամադրման գործընթացը, ընդգծել են կառավարությունում։