Առանց վիզայի, Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագրով պարզեցված մուտքը, հարմարավետ տրանսպորտային հաղորդակցությունը այն հիմնական պատճառներն են, որոնց համար ռուսաստանցիներն ամանորյա տոներին ընտրում են մերձավոր արտասահմանի երկրները։ Զբոսաշրջության նրբությունների եւ Նոր տարվա համար ԱՊՀ երկրների առաջատար ուղղությունների մասին՝ Sputnik-ի նյութում։

Ռուսներն ավելի ու ավելի են սկսել այլընտրանք փնտրել մերձավոր արտասահմանի երկրներում։ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ՌՏՕԱ) տվյալներով՝ ռուսական խոշորագույն տուրօպերատորներն ամանորյա տոների համար գրանցել են դեպի հարեւան երկրներ տուրերի պահանջարկի 10-80%-ով աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ռուսների շրջանում ամանորյա տոների համար առաջատարը Բելառուսն է։ «Տուրիստական գործակալությունների դաշինք» ասոցիացիայի (ՏԳԴ) փոխնախագահ Ալեքսան Մկրտչյանի տվյալներով՝ ռուսաստանցիների կեսից ավելին, ովքեր ծրագրել են ուղեւորություններ դեպի մերձավոր արտասահման, կմեկնեն այնտեղ։

Ռուսաստանցիների մոտ ընդհանուր պահանջարկ ունեցող երկրորդ երկիրը (ըստ ՏԳԴ-ի) եւ ԱՊՀ երկրներից առաջինը ամրագրված ավիատոմսերի վարկանիշով (ըստ OneTwoTrip-ի) Հայաստանն է։ Սակայն, «Տուրիստական արդյունաբերության ռուսական միության» փոխնախագահ Յուրի Բարզիկինի խոսքով՝ Հայաստանում տարանցիկ ուղեւորները շատ են։ «Զբոսաշրջության նպատակով այնտեղ են մեկնում Ռուսաստանի Դաշնության շատ քաղաքացիներ, բայց հեշտ չէ հստակ որոշել, թե ով է այնտեղ զբոսաշրջիկը, ով է տարանցիկ ճանապարհով այլ երկրներ մեկնողը, եւ ով է հյուրընկալվում հարազատներին»,- մեկնաբանեց փորձագետը։

Հայաստանը շատ ոչ թանկ երկիր է, նկատեց Ալեքսան Մկրտչյանը, այնտեղ ռուսներին սպասում ու սիրում են։ Այնտեղ լեզվական խոչընդոտ չկա, ռուբլու հետ կապված խնդիրներ չկան, ընդունվում են «Միր» քարտերը։ Իսկ բուն Հայաստան կարելի էթռչել Ռուսաստանի 15 քաղաքներից։

Ռուսաստանցիների կողմից պահանջարկի ցուցանիշով երրորդ տեղում (ըստ ՏԳԴ-ի) Ղազախստանն է։ Ղազախստանը, ինչպես եւ հարեւան Ղրղըզստանը, շարունակում է գրավիչ մնալ «քարտային տուրերի» ռուսաստանցի գնորդների համար։ Սակայն դրա պահանջարկն արդեն նվազում է, նշում է Ալեքսան Մկրտչյանը։ Պահանջարկ ունեցող հնգյակում, ըստ ՏԳԴ-ի, ընդգրկվել են Վրաստանն ու Ուզբեկստանը։