«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Փարիզաբնակ քանդակագործ Դավիթ Երեւանցին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի աշխատանքի եւ պահվածքի վերաբերյալ: Նա մեզ հետ զրույցում վերհիշեց մի պատմություն, երբ մի ամբողջ օր իր արվեստանոցում սպասել է նախարար Վահրամ Դումանյանին, սակայն վերջինս ոչ միայն խախտել է պայմանավորվածությունը եւ չի եկել, այլ նաեւ չի էլ զգուշացրել այդ մասին: «Ես նախարարին ասել եմ՝ Ձեզ սիրով կսպասեմ իմ տուն-արվեստանոցում, բացի այդ, կտեսնեք ստեղծագործություններ, որ երբեք չեք տեսել ոչ մի տեղ:

Այդպես, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը չեկավ, անգամ չզանգեց, գոնե ունենար տարրական քաղաքավարություն, զանգեր, ասեր՝ կներեք, վարպե՛տ, չկարողացա գալ, կամ այս ինչ բանն էր պատահել: Գոնե ասեիք, զգուշացնեիք, իսկ ես ամբողջ օրը սպասել եմ, որ պետք է գար՝ հարգելով իր խոստումը, բայց չեկավ», – պատմեց նա:

Քանդակագործի խոսքով՝ իր արած գործերն են հավերժ, իսկ նախարարները փոխվում են: «Այսօր նա նախարար է, բայց վաղը չի լինելու, բայց ես հավերժ եմ, տասնյակ գործեր ունեմ մայր Հայաստանում, Փարիզում, աշխարհում: Ես ստացել եմ պետական մասշտաբով ամենապատվավոր կոչումները: Այս վարչապետի դրած մշակույթի նախարարը երեւի չի հասկանում, նա մաթեմատիկայի մասնագետ է, բայց պետք է լավ հաշիվ աներ՝ նա հավերժ չէ, ես եմ հավերժը: Ես եմ մշակույթը ստեղծում», – հայտարարեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում