ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։

Արտաքին գործերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող վերջին զարգացումները:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառման դրսևորումները, շարունակական սադրանքները և ռազմատենչ հայտարարությունները հանդիսանում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը:

Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման, ինչպես նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:

Արարատ Միրզոյանը և Ֆիլիպ Ռիքերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ:

Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգային մարտահրավերներին՝ ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ շեշտել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիաների հետևանքների վերացման և Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման հրամայականը: