Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը համոզված է, որ Ադրբեջանի իշխանությունները միջազգային նորմերը կընդունեն միայն այն դեպում, եթե նրանց ստիպեն անել դա. այս առումով նա առաջնային քայլ է համարում, որպեսզի ԵՄ-ն հրաժարվի  Ադրբեջանի հետ գազային գործարքից: Նման համոզմունք պատգամավորը հայտնել է «Արմենպրեսի» հետ զրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական հերթական սադրանքին՝ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին փակելու միջադեպին:

«Այս մշտական սադրանքները պետք է անհապաղ դադարեցվեն։ Ես կոչ եմ անում եվրոպական կառույցներին և միջազգային հանրությանը՝ հայտնել իրենց խորը մտահոգությունն այս վերջին միջադեպի առնչությամբ, որը վնաս է հասցնում շարունակական խաղաղության և հաշտեցման ջանքերին»,-ասաց Եվրախորհրդարանի պատգամավորը:

Պատգամավորը շեշտեց՝ հիմա լարվածությունը թուլացնելու ժամանակն է: Ըստ նրա՝ ստիպված են ընդունել, որ Ադրբեջանի իշխանությունները միջազգային նորմերը կընդունեն միայն այն դեպում, եթե նրանց ստիպեն դա անել: «Թերևս, մեր առաջին քայլը գազային գործարքից հրաժարվելն է»,-ընդգծեց Լարս Պատրիկ Բերգը: