Հունաստանում ռելսերից դուրս է եկել ամերիկյան բանակի ռազմական տեխնիկա տեղափոխող գնացքը, զենքը նախատեսված էր ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում ուժեղացնելու համար, գրում է «Ռազմական տեսություն»-ը՝ հղում անելով Հունաստանի կոմունիստական կուսակցության ինտերնետային ռեսուրսին։

Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ զինվորականներն այս ճանապարհով միշտ զենք ու զինամթերք են մատակարարել դաշինքի արեւելյան թեւում ՆԱՏՕ-ի երկրներին եւ Ուկրաինային։ Վթարը տեղի է ունեցել Ալեքսանդրապոլիս նավահանգստի մոտ, երբ գնացքը եղել է Ֆրանսիական կայարանում։ Հայտնի է, որ գնացքը տեղափոխում էր տանկեր, զրահափոխադրիչներ եւ զինամթերքով բեռնարկղեր։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ այս ամբողջ ռազմական բեռի վերջնական հասցեն Կիեւն էր։

Գնացքը շարժվել է ցածր արագությամբ, եւ բեռի մեծ ծանրության տակ անիվը ռելսերից դուրս է եկել ու թեքվել կողքի։ Դեպքի վայր է կանչվել հատուկ վթարային տեխնիկա։

Ալեքսանդրապոլիսը գտնվում է Հունաստանի հյուսիսում՝ Թրակիայում։ Ալեքսանդրապոլիսի նավահանգիստն ավանդաբար օգտագործվում է ԱՄՆ զինված ուժերի ռազմական տեխնիկան Արեւելյան Եվրոպայի երկրներ տեղափոխելու համար։ 2021 թվականին Ալեքսանդրապոլիսի նավահանգստի մերձակայքում գտնվող Յանուլիի ռազմական ճամբարը փոխանցվել է ամերիկյան բանակին։

Հիշեցնենք, որ Հունաստանը կարեւոր դեր է խաղում Ուկրաինային զենքով, ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով ապահովելու հարցում։ Դեռ հունիսին պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը հայտնել էր, որ Աթենքը Կիեւին է փոխանցել «անհավանական քանակությամբ» տարատեսակ սպառազինություն, այդ թվում՝ հետեւակի մարտական մեքենաներ, ՀՕՊ համակարգեր, հրետանային եւ հրաձգային զինամթերք եւ այլն։ Բայց բացի սեփական ռազմական օգնությունից, Հունաստանը, ինչպես տեսնում ենք, նաեւ լոգիստիկ խնդիրներ է կատարում ՆԱՏՕ-ի մյուս երկրների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի համար։