Աբողջ Գերմանիայում 2022թ. սկզբից պայթեցվել է մոտ 450 բանկոմատ՝ փող գողանալու նպատակով. այսպիսի տվյալներ է նշել Welt am Sonntag թերթը՝ հղում կատարելով Գերմանիայի ներքին գործերի նախարարների (IMK) Մյունխենում կայացած համաժողովի մասնակիցներին։ Պայթեցումների թիվն ամենամեծն է նման հանցագործությունների գրանցման բոլոր տարիների ընթացքում. մեկ տարի առաջ Գերմանիայում պայթեցվել էր 381 բանկոմատ, իսկ 2020-ին՝ 414։

Համաժողովի մասնակիցներն ընդգծել են թալանի այս մեթոդի վտանգավորությունը շրջապատողների համար, քանի որ սարքերը հաճախ տեղադրված են փողոցների անցումներում եւ բնակելի տների մոտ։ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի գերմանական քրեական ոստիկանության (BDK) բաժանմունքի նախագահ Օլիվեր Հութի խոսքով՝ պայթյունների հետեւանքով վիրավորվել են անցորդներ, իսկ որոշ դեպքերում դրանց դետոնացիայի հետեւանքովց շարքից դուրս են եկել բնակելի տներ, որոնք գտնվել են բանկոմատների կողքին։

Հոկտեմբերի վերջին տերմինալների պայթեցումների թվի ավելացման մասին տեղեկացրել է Եվրամիության Ոստիկանական ծառայությունը (Եվրոպոլ)։ Գերատեչության տվյալներով՝ միտումը նկատելի է առնվազն Գերմանիայում, Հարավային Եվրոպայում եւ Բալթյան երկրներում, բայց դրա տարածումը կարող է ավելի լայն լինել, քանի որ բոլոր երկրները չէ, որ նման դեպքերի մասին տեղեկություններ են հաղորդում միջազգային ոստիկանություն։

Ինչպես նշել է Եվրոպոլը, նման հանցագործությունների կազմակերպմամբ զբաղվում են հանցավոր խմբավորումները, որոնք մարդկանց սովորեցնում են՝ ինչպես օգտագործել պայթուցիկը, որոնք հետագայում կատարում են հարձակումներ բանկոմատների վրա՝ տեղից տեղ տեղափոխվելով մեքենաներով։ Օրինակ, 2021թ. նման կենտրոն է հայտնաբերվել նիդեռլանդական Ուտրեխտում։ Իրավապահների կարծիքով՝ ուսուցում անցած չարագործները կարող են գործել միանգամից մի քանի հարեւան երկրներում։

Հանցագործությունների միջազգային բնույթի մասին են վկայում նաեւ գերմանական ոստիկանության տվյալները. արդեն մի քանի տարի այստեղ նշում են, որ Գերմանիայում նման հանցագործությունների կատարման մեջ կասկածվողների մեծ մասը գալիս է Նիդեռլանդներից։

Ներքին Սաքսոնիայի ներքին գործերի նախարար Բորիս Պիստորիուսի խոսքով՝ դրա պատճառը գերմանական բանկոմատների անբավարար պաշտպանվածությունն է։ Ի տարբերություն Գերմանիայի՝ Նիդեռլանդներում օգտագործում են տեխնոլոգիա, երբ բանկոմատը պայթեցնելու դեպքում թղթադրամները պատվում են սոսնձող նյութով եւ դառնում անպիտան օգտագործման համար։ Ֆրանսիայում այդ նյութը սարքավորումներում փոխարինում են թանաքով։ Պաշտոնյան առաջարկել է օրենսդրորեն պարտադրել գերմանական բանկերին օգտագործել պայքարի նման միջոցներ, գրել է «Նեմեցկայա վոլնա»-ն։