Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կիրակի առավոտյան երկօրյա այցով մեկնել է Բահրեյն, տեղեկացրել է The Times of Israel-ը։

Սա Իսրայելի նախագահի առաջին այցն է թագավորություն, որին հաջորդելու է այցն Արաբական Միացյալ Էմիրություններ. երկու երկրներն Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 2020թ.։

Մեկնումից առաջ Հերցոգն ասել է, որ այս ուղեւորությունը «գերազանցապես խաղաղության ուղերձ է տարածաշրջանում»։

«Եվս մեկ պատմական քայլ Իսրայելի եւ արաբական պետությունների միջեւ հարաբերություններում, որոնք ստորագրել են Աբրահամյան համաձայնագրերն այն հույսով, որ ավելի ու ավելի շատ երկրներ կկարողանան միանալ Իսրայելի պետության հետ խաղաղության շրջանակին»,- ասել է Հերցոգն անգլերենով։

Մանամայում վայրէջք կատարելուց հետո Հերցոգին եւ նրա կնոջը դիմավորել են Բահրեյնի արտաքին գործերի նախարար Աբդուլաթիֆ բեն Ռաշիդ Ալ-Զայանին եւ Իսրայելում Բահրեյնի դեսպանորդ Հալեդ Յուսիֆ Ալ-Ջալաման։

Երկուշաբթի նախագահը կմեկնի Աբու Դաբի, որտեղ կհանդիպի Էմիրաթների իր գործընկերոջ՝ Մոհամեդ բին Զայիդ Ալ Նահայանի հետ։ Հերցոգը նաեւ կմասնակցի Abu Dhabi Space Debate-ին՝ տիեզերքի յուրացման քաղաքականության վերաբերյալ համաժողովին, որին կմասնակցի նաեւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։