Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերին հայտարարել է «բարքերի ոստիկանությունը» լուծարելու մասին՝ ավելացնելով, որ այն ոչ մի կապ չունի դատական իշխանության հետ իր ստեղծման պահից, տեղեկացրել է Iran International-ը։

Մոնթազերին ընդգծել է, որ, այնուամենայնիվ, դատական իշխանությունը շարունակում է հետեւել մարդկանց վարքին՝ ակնարկելով այն մասին, որ հիջաբ կրելու կանոնները չեղարկված չեն։

Այս շաբաթ, ավելի վաղ, Մոնթազերին հիշատակել էր, որ խորհրդարանը եւ Մշակութային հեղափոխության բարձրագույն խորհուրդը երկու շաբաթվա ընթացքում կհայտարարեն իրենց կարծիքը պարտադիր հիջաբ կրելու հարցի վերաբերյալ՝ ազդարարելով այն մասին, որ հիջաբի պարտադիր կրումը կարող է փոխվել կամ հանվել։

Վերջին ցույցերն Իրանում առաջ էին եկել 22-ամյա Մահսա Ամինիի մահվան հետ կապված. նա ձերբակալվել էր «բարքերի ոստիկանության» կողմից՝ «ոչ պատշաճ հագուստի» պատճառով։

«Բարքերի ոստիկանությունը» պաշտոնապես ստեղծվել է 2006թ. ամռանը, երկրի այն ժամանակվա նախագահ Մահմուդ Ահմադինեժադի օրոք։