Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի կեղծ պնդումներին, որոնց պատճառով դեկտեմբերի 3-ին փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Բեգլարյանը վստահեցնում է, որ ադրբեջանցիների կողմից շահարկվող բնապահպանական խնդիրներն Արցախում չկան։ Նա թեմային անդրադարձել է Telegram-ի իր ալիքում գրառմամբ։

««Ալիեւյան «բնապահպանական ակտիվիստները» փաստորեն ոչ մի բնապահպանական խնդիր ու ճանապարհ չգտան խոշորագույն հանքեր ու կոռումպացված իշխանություններ ունեցող Ադրբեջանում, որ այդ հարցերը բարձրացնեն ու իրենց ճանապարհները փակեն: Նրանց կողմից շահարկված բնապահպանական խնդիրները չկան Արցախում, քանի որ Արցախի Կաշենի հանքի պոչամբարը միջազգային լավագույն չափորոշիչներին է համապատասխանում, որը պարբերաբար անցնում է միջազգային մակարդակի փորձագիտական ստուգումներ։ Կաշենի հանքը գտնվում է ադրբեջանական ամենամոտիկ գյուղից՝ Ղափանլիից շուրջ 19 կմ հեռավորության վրա եւ շատ հեռու է նրանց ջրային ռեսուրսներից: Չեմ զարմանա, որ մեկ օր էլ ալիեւյան «մարդու իրավունքների ակտիվիստները» ցանկանան փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ պահանջելով Ալիեւից ազատ արձակել ադրբեջանցի քաղաքական բանտարկյալներին»,-գրել է Բեգլարյանը։