Եվրոպան պաշտոնապես դադարում է ռուսական նավթի ներմուծումը ծովով եւ փորձելու է մնացած գնորդների համար մեկ բարելը 60 դոլար գնային շեմ սահմանել։ Երկուշաբթի սկսելու է գործել ՌԴ-ից լցանավերով նավթի մատակարարման ԵՄ էմբարգոն, զուգահեռաբար ուժի մեջ է մտնում Եվրամիության, G7-ի երկրների եւ Ավստրալիայի որոշումը 60 դոլարից բարձր եւ շուկայականից 5 տոկոս ցածր արժեքով ռուսական նավթի տեղափոխման եւ ապահովագրման արգելքի մասին։ Ռուսաստանն, իր հերթին, մտադիր չէ նավթ մատակարարել գնային շեմի պայմաններով, իսկ փորձագետներն այս համատեքստում չեն բացառում նավթի գների բարձրացումը 100 դոլարից ավելի։

Եվրամիությունը դեռեւս հունիսին ընդունել էր պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ՌԴ-ի դեմ, որը ներառում էր ռուսական նավթի ծովային մատակարարումների հետաձգված էմբարգո դեկտեմբերի 5-ից եւ նավթամթերքների էմբարգո փետրվարի 5-ից, իսկ սեպտեմբերին G7-ի ֆինանսների նախարարները հայտարարել էին, որ մտադիր են ռուսական նավթի համար գնային շեմ սահմանել։ Բուլղարիան կկարողանա ծովով ՌԴ-ից նավթ եւ նավթամթերքներ ստանալ մինչեւ 2024թ. վերջ, Խորվաթիան՝ մինչեւ 2023թ. վերջ կարող է գազօյլ գնել։

Եվրոպայի մի քանի երկրներ կշարունակեն խողովակաշարով ռուսական նավթ ստանալ։ Նավթատարներով նավթի ներմուծման բացառություններ են նախատեսված ԵՄ այն պետությունների համար, որոնք, իրենց աշխարհագրությամբ պայմանավորված, ռուսական ռեսուրսների այլընտրանք չունեն։

Ռուսաստանը, որի բաժինը նավթի համաշխարհային շուկայում մոտ 11 տոկոս է, երկրորդ արտահանողն է Սաուդյան Արաբիայից հետո. Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ 2021թ. ՌԴ-ն արտահանել է 229,9 մլն տոննա նավթ 36 երկիր։ Չինաստանն ստացել է 70 մլն տոննա, Եվրամիությունը՝ մատակարարումների 47 տոկոսը կամ 108,1 մլն տոննա։ Ծովով հեռավոր արտասահման կատարվող նավթի մատակարարումներն անցած տարի կազմել են ընդհանուր ծավալի մոտ կեսը՝ 118,5 մլն տոննա։

Ինչպես տեղեկացրել է Միջազգային էներգետիկ գործակալությունը, հոկտեմբերին ԵՄ երկրներն արդեն կրճատել էին ռուսական նավթի ներմուծումը օրական 1,1 մլն բարելից 1,4 մլն բարելի, իսկ էմբարգոյի ուժի մեջ մտնելուց հետո ՌԴ-ն պետք է ուղարկի օրական 1,1 մլն բարել նավթ եւ 1 մլն բարել նավթամթերք։

Argus գործակալության տվյալներով՝ եվրոպական երկրների մեծ մասը դեռ էմբարգոյից առաջ հրաժարվել էր ՌԴ-ից նավթի ծովային մատակարարումներից։ ՌԴ-ից ԵՄ երկրներ նավթի ծովային մատակարարումների ծավալը հոկտեմբերին նվազել էր երկու անգամ՝ օրական 770 հազար բարել հունվարի 1,6 մլն-ից։ Ինչպես նշել է Argus-ի՝ ԱՊՀ-ում քոնսալթինգի գծով փոխնախագահ Սերգեյ Ագիբալովը, ընդհանուր առմամբ ռուսական ընկերությունները կարողացել են հաջող վերակողմնորոշել հոսքերը՝ նավթն ուղղելով Ասիա։