Ռուսական նավթի մատակարարումների համար ԵՄ արգելքի եւ Արեւմուտքում դրա համար գների առաստաղի սահմանման պատասխանը պատրաստվում է, Մոսկվան «ոչ մի առաստաղներ չի ճանաչի», երկուշաբթի լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Պատասխանը պատրաստվում է», - ասել է  Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե երբ է հնարավոր ակնկալել Մոսկվայի պատասխանը։

«Ակնհայտ է մեկ բան՝ մենք ոչ մի առաստաղներ չենք ճանաչի»,- ընդգծել է նա։

Մեկնաբանելով Միացյալ Նահանգներից հայտարարությունները, թե նման որոշումների ընդունումից հետո «ոչինչ չի փոխվի», Պեսկովն ասել է. «Կփոխվի։ Ակնհայտ ու անվիճելի է մեկ բան՝ այս որոշումների ընդունումը քայլ է համաշխարհային էներգետիկ շուկաների ապակայունացման ուղղությամբ»։

Դեկտեմբերի 5-ից ուժի մեջ է մտնում ծովով ԵՄ երկրներ մատակարարվող ռուսական նավթի արգելքը։ ԵՄ երկրները ուրբաթ նույնպես համաձայնեցրել են  ծովով առաքվող ռուսական նավթի գների կարգավորելի առաստաղը ՝ մեկ բարելի դիմաց 60 դոլարի սահմանում: