Միջազգային հանրության աչքում մենք վերածվել ենք օկուպանտների։ Այս մասին դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«ՄԱԿ-ը մի քանի որոշում է ընդունել այդ տարածքներից հայկական ուժերի դուրսբերման մասին», –հավելեց նա՝ վերադառնալով 90-ականներ։ Աղազարյանը մատնանշեց Հայաստանի նախկին իշխանությունների սխալները, որոնք, ըստ նրա, ղարաբաղյան պատերազմից հետո հրադադարի փաստաթղթի տակ ստորագրել են որպես հակամարտող կողմ, այլ ոչ թե որպես միջնորդ։

«Դրանից հետո Ղարաբաղը դուրս մղվեց բանակցային գործընթացից։ Այս ամենը հետագայում մեզ համար խնդիրներ ստեղծեց։ Սա պայմանավորված է կեղծ հայրենասիրական մոլուցքով եւ օգտագործվել է այլ շահերի համար։ Եթե ռացիոնալ մոտենանք դրան, պետք չէր արվեր այնպես, ինչպես արվել է», – հավելեց պատգամավորը։

Նա վստահեցրեց, որ ներկայիս իշխանությունների օրոք բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքի շնորհիվ Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Ղարաբաղի եւ Ադրբեջանի հարաբերությունների խնդիրները սահմանազատվել են։