Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի նախագծով բանակցությունների երրորդ փուլի հնարավորության մասին։ Այս մասին նա ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։

Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը պատրաստել եւ Հայաստանին է ներկայացրել խաղաղ կարգավորման մասին համաձայնագրի նախագիծ, հանրապետությունների միջեւ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչեւ 2022 թվականի վերջը։ «Ադրբեջանը հինգ հիմնական սկզբունքների հիման վրա համաձայնագրի նախագիծ է պատրաստել եւ ներկայացրել հայկական կողմին։ Դրանից հետո բանակցությունների երկու փուլ է անցել։ Կցանկանայի տեղեկացնել նաեւ, որ հայկական կողմին արդեն ներկայացվել է ադրբեջանական կողմի մեկնաբանությունների երրորդ փաթեթը, եւ մենք կարծում ենք, որ հնարավոր է մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ պայմանագրի նախագծով բանակցությունների երրորդ փուլ անցկացնել»,- ասել է  նա։ Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը նպատակադրված է Հայաստանի հետ հակամարտության շուտափույթ կարգավորմանը։ «Ադրբեջանական կողմը առավելագույնս տրամադրված եւ  նպատակադրված է, որ այս հարցը արագ լուծվի, երբ մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին»,- ասել է նա։