Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում խոստացել է, որ «Ադրբեջանը Ղարաբաղում ապրող հայերին երաշխավորում է նույն իրավունքները, ինչ մյուս քաղաքացիներին»։

«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ երաշխավորում է, որ Ղարաբաղի տարածաշրջանում բնակվող հայկական ծագմամբ բնակչությունը կունենա նույն իրավունքներն ու ազատությունները, ինչ Ադրբեջանի բոլոր քաղաքացիները»,- ընդգծել է նա։

Հայտարարությունը, առաջին հայացքից խաղաղասեր է, իրականում արտացոլում է Ադրբեջանի իշխանությունների հայատյացության իրական վերաբերմունքն ու քաղաքականությունը։ Քանի որ Եվրոպայի խորհրդի անդամ աշխարհիկ երկրի օրենսդրությունը ենթադրում է օրենքի առջեւ բոլորի հավասարություն, «Ղարաբաղում ապրող հայերին նույն իրավունքները, ինչ մյուս քաղաքացիներին երաշխավորելու» թեմայով բարբաջանքները առնվազն տարօրինակ են հնչում։ Հավասար իրավունքներն այն է, ինչն ինքնըստինքյան հասկանալի է, ոչ թե ինչ-որ մեծ լավություն: Սակայն այն, որ Ադրբեջանի իշխանությունները խոսում են հավասար իրավունքների մասին՝ որպես ամենամեծ լավություն, վկայում է իրական վերաբերմունքի մասին։