Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում դեկտեմբերի 1-ին կործանված ինքնաթիռի վթարի հանգամանքները պարզելու համար նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Նշանակված են որոշ փորձաքննություններ, մեղադրյալներ ներգրավվելու փուլին գործը դեռ չի հասել»,- նշեց Աբրահամյանը:

ՔԿ խոսնակը նշեց, որ կան հարցաքննված քաղաքացիներ, սակայն չնշեց նրանց թիվը:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ B55 տիպի օդանավը գրանցված էր Սլովակիայում, մասնավոր էր:

Հնարավո՞ր է՝ ինչ-որ փուլում գործը փոխանցվի Սլովակիային: Աբրահամյանը նշեց, որ այդ հարցը քննարկելու համար դեռ շուտ է:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել էր և բռնկվել։

Կործանման հետեւանքով երկու անձ էր զոհվել՝ ՌԴ քաղաքացիներ,օ դաչուներ` Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983):

Օդանավը եղել է երկտեղանոց, այն դուրս է եկել «Զվարթնոց» օդանավակայանից եւ ուղություն է վերցրել դեպի Աստրախան: Ճանապարհին ինքնաթիռի հետ կապը կորել է: Ինքնաթիռն ընկել է բաց դաշտում, և որևէ այլ ենթակառուցվածք չի վնասվել: