Ադրբեջանի իշխանամետ haqqin.az պարբերականը հրապարակել է հոդված խոսուն վերնագրով՝ «Ուղերձ Թեհրանի վարչակարգին. Թուրքիայի եւ Ադրբեջանի բանակները պատրաստ են  անցնել Արազ գետը»։ Հոդվածը ներկայացնում ենք որոշ կրճատումներով։

Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի Զինված ուժերը մասշտաբային համատեղ զորավարժություններ են սկսել Բաքվում, ինչպես նաեւ Իրանին սահմանակից Աստարայում, Իշիմլիում եւ Ջեբրայիլում։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած տեսահոլովակում պատկերված է պահ զորավարժություններից, որոնց ընթացքում դաշնակից երկրների բանակները կամուրջ են նետում Արազ գետի վրայով եւ դրանով իրանական ափ են հանում ծանր տեխնիկա։ Այս դրվագը դարձել է Ադրբեջանի սահմանների մոտ իրանական բանակի լայնածավալ զորավարժությունների «սիմետրիկ» պատասխանը, որոնց ընթացքում ԻՀՊԿ ցամաքային զորքերն իրականացրել են Արազ գետի վրա գցված կամրջով տանկերի եւ այլ զրահատեխնիկայի անցում։ Իսկ իրականում, ինչպես նշել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկացված աղբյուրները, իրանական զորքերը մշակել են գետը մարտով անցնելու հմտությունները ոչ թե գլխավոր հոսանքի ուղղությամբ, որն անցնում է իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով, այլ նրա վտակներից մեկով՝ Իրանի տարածքի խորքում։ Քանի որ հակառակ ափին տեղակայված ադրբեջանական բանակի եւ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները, որոնք զինված են ամենաժամանակակից զենքով, այդ թվում՝ իսրայելական «Harop» կամիկաձե-դրոններով, մարտական լրիվ պատրաստ վիճակում են գտնվել եւ սպասել են միայն հրամանի, որպեսզի օպերատիվ ու կոշտ արձագանքեն հակառակորդի ցանկացած  սողոսկումներին։ Կարեւոր է նաեւ հաշվի առնել այն, որ զորավարժությունները, որոնց ընթացքում ԻՀՊԿ-ը փորձարկել է ներխուժումն Ադրբեջանի ինքնիշխան տարածք, թելադրված չեն եղել «հյուսիսարեւմտյան սահմանների անվտանգության ապահովման խնդիրներով», ինչպես այդ մասին պաշտոնապես հայտարարել էր Թեհրանը, այլ կրում էին նպատակաուղղված հոգեբանական գրոհի բնույթ՝ հյուսիսային հարեւանին վախեցնելու նպատակով։ Այսպիսով, Ադրբեջանի եւ Թուրքիայի բանակների ներկա համատեղ զորավարժությունները ոչ միայն երկու երկրների ժամանակի փորձության քննությունը բռնած ռազմական դաշինքի ցուցադրում է, այլեւ հստակ ուղերձ Իրանին՝ զգուշացնելով նրա ղեկավարությանը Ադրբեջանի հետ ուժի եւ սպառնալիքի լեզվով խոսելու ցանկացած փորձից, որոնք արդյունքում կարող են իսլամական հանրապետության համար ունենալ դրամատիկական եւ անգամ ճակատագրական հետեւանքներ։

Այս համատեքստում կարեւոր է ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչպես են Իրանի ղեկավարության ընկալմամբ տարբերվում «նպատակ» եւ «միջոցներ» հասկացությունները։ Եթե ԻՀՊԿ զորավարժությունների նպատակը Թեհրանը հստակ է նշել՝ պաշտպանել Հայաստանին, խափանել Զանգեզուրի միջանցքի բացումը եւ թույլ չտալ «սիոնիստական վարչակարգի» ակտիվացումը տարածաշրջանում, ապա միջոցները, որոնց օգնությամբ Իրանը մտադիր է հասնել առաջադրված նպատակներին, մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում։ Ի՞նչը, այաթոլաների կարծիքով, պետք է վախեցնի Թուրքիայի եւ Ադրբեջանի բանակներին, որոնք ուշադիր հետեւում են ԻՀՊԿ ստորաբաժանումների վարժանքներին ադրբեջանական սահմանների մոտ։ Անցած դարի 70-ական թվականների զրահատեխնիկա՞ն։ Խորհրդային МиГ-ե՞րը, որոնք դեռեւս ХХ դարում էին համարվում հնացած։ Մարտական ուղղաթիռնե՞րը, որոնք դեռ շահն է գնել ԱՄՆ-ից 70-ականներին։ Թե՞ ցամաքային զորքերը, որոնք առ այսօր օգտագործում են իրանա-իրաքյան պատերազմի ժամանակների մարտավարությունը»,- գրել է պարբերականը։

«Հասկանալի է, որ Իրանում բազմամսյա ցույցերի ֆոնին ադրբեջանա-թուրքական զորավարժությունները չեն կարող չանհանգստացնել այաթոլաների վարչակարգին։ Կարծում ենք, որ Թեհրանում իրենց հաշիվ տալիս են այն մասին, որ ցանկացած ռազմական սպառնալիք Ադրբեջանի հասցեին կհանգեցնի Թուրքիայի անհապաղ միջամտությանը։ Էլ չենք ասում այն մասին, որ եթե իրանական վարչակարգը շարունակի դաժան բռնաճնշումներն ադրբեջանցի-թյուրքերի դեմ Հարավային Ադրբեջանում, ոչ Բաքուն, ոչ Անկարան ձեռքերը ծալած չեն նստի։

Թեհրանում նաեւ պետք է նկատի ունենան, որ վերջին մի քանի շաբաթներին Ադրբեջանի բանակը երկրորդ անգամ է զորավարժություններ իրականացնում Իրանի հետ սահմանին, իսկ դրանից առաջ ադրբեջանական հատուկ ծառայությունների ուժերը եւ դիվերսիոն-դեսանտային բրիգադները զորավարժություններ էին անցկացրել իսլամական հանրապետության սահմանակից շրջաններում, որոնց հետեւել է Ադրբեջանում թուրքական բանակի առաքելության ղեկավար, գեներալ Բահթիյար Էրսայը»,- շարունակում է հոդվածի հեղինակը՝ վերջում նշելով. «Ուրեմն, արժե՞ արդյոք, որ իրանական այաթոլաները, որոնց իշխանությունն առանց այդ էլ մահվան եզրին է, բարձրանան հավակնությունների ծառը, որտեղից այս անգամ կարելի է վերջնականապես տապալվել գետնին»։

Հիշեցնենք, որ զորավարժություններին հետեւում են Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը եւ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը։