Իրանում 12 մարդ կալանավորվել է երկրի ազգային անվտանգության դեմ խափանարար գործունեության եւ օտարերկրյա պետություններից աջակցություն ստանալու կասկածանքով, տեղեկացրել է տեղի Tasnim գործակալությունը՝ հղում կատարելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մի մասը) ստորաբաժանմանը։

Նշվել է, որ ցանցի անդամները կալանավորվել են Իրանի Կենտրոնական նահանգում։ Նրանց կասկածում են խափանարար գործունեության իրականացման մեջ, որին կարող էին աջակցել անձինք Գերմանիայից եւ Նիդեռլանդներից։

«12 մարդուց բաղկացած ցանցը, որոնք կապված են օտարերկրյա տարրերի հետ, բացահայտվել եւ կալանավորվել է նահանգի շրջաններից մեկում»,- ասել են ԻՀՊԿ ստորաբաժանման ներկայացուցիչները։

Իրանցի զինվորականների հայտարարության համաձայն՝ ցանցի անդամները զբաղվել են զենքի պատրաստմամբ, մտադիր են եղել դիվերսիաներ իրականացնել, բայց կալանավորվել են մինչեւ իրենց պլաններն իրագործելը։