Նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք Ռուսաստանում ԼԳԲՏ, մանկապղծության եւ սեռափոխության քարոզչության արգելքի մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է  իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Օրենսդրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում հրապարակման օրվանից, նշվել է փաստաթղթում։ Ավելի վաղ օրենսդրական արգելքն արժանացել էր Պետդումայի եւ Դաշնության խորհրդի հավանությանը։

Օրենքով նախատեսվում է պատասխանատվություն «ոչ ավանդական սեռական հարաբերությունների, մանկապղծության եւ սեռափոխության քարոզչության» համար՝ ցանկացած տարիքի մարդկանց շրջանում։ Բացի այդ, խստացվում է անչափահասների շրջանում նման քարոզչության համար պատիժը։ Ավելի վաղ օրենսդրությամբ արգելվել էր միայն ԼԳԲՏ քարոզչությունն այն անձանց շրջանում, որոնց 18 տարեկանը չէր լրացել։

ԼԳԲՏ քարոզչության արգելքի խախտումը նախատեսում է 400 հազար ռուբլի տուգանք, ինչպես նաեւ 5 մլն ռուբլի իրավաբանական անձանց համար։ Տեղեկության տարածման համար, որը կարող է անչափահասներին դրդել փոխել սեռը, կարող են տուգանել 200 հազար ռուբլի, իրավաբանական անձանց՝ 4 մլն ռուբլի։

Պետդումայի կողմից օրինագծի ընդունումից հետո գրախանութներն ստիպված են մտածել, թե ինչպես բիզնեսը հարմարեցնեն նոր իրողություններին, իսկ հրատարակչությունները հայտարարել են գրքերի առգրավման վտանգի մասին՝ ոչ հստակ ձեւակերպումների պատճառով։ Մասնավորապես, «ЛитРес» սերվիսը հայտարարել է, որ պատրաստ է վաճառքից հանել այն գրքերը, որոնք կարող են հայտնվել նոր օրենքի գործողության տակ, բայց չափանիշների պարզաբանումից հետո, որոնցով արտադրանքը կմակնշվի որպես ԼԳԲՏ քարոզչություն, գրել է ՌԲԿ-ն։

«Լաբիրինտ» օնլայն գրախանութը Պետդումայի կողմից օրինագծի ընդունման հենց հաջորդ օրը թաքցրել էր գրքերի մի մասը, որոնք պետք է ստուգվեին նոր օրենքին համապատասխանության առումով։ «Մենք այդպես ենք վարվել, որպեսզի խուսափենք այն իրավիճակից, երբ այսօր գնված գրքերը, որոնք ընկնում են այդ արգելքի տակ, գնորդներն ստանան օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։ Մենք առաքման ընդարձակ աշխարհագրություն ունենք, եւ դրա ժամկետները՝ կախված ընտրված միջոցից, կարող են երկարատեւ լինել»,- ասել են «Լաբիրինտ»-ում։

Նախաձեռնությունն արժանացել է Արեւմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի եւ Կանադայի քննադատությանը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պետդումայի պատգամավորներին կոչ է արել չեղարկել օրինագիծը եւ «հարգել մարդու իրավունքները եւ բոլորի արժանապատվությունը», քանի որ այդ արգելքը «եւս մեկ լուրջ հարված կդառնա Ռուսաստանում ԼԳԲՏ-ի իրավունքներին եւ կարծիքների արտահայտման ազատությանը»։