Եվրամիությունը ԵՄ սահմանների վերահսկման Frontex գործակալության աշխատակիցներ կտեղակայի բալկանյան երկրների տարածքում, որոնք ձգտում են միանալ միությանը, տեղեկացրել է Financial Times թերթը։

Թերթի տվյալներով՝ սա եվրոպական սահմանապահ գործակալության աշխատակիցների տեղակայման առաջին դեպքն է իր իրավասության սահմաններից դուրս։ Այս նախաձեռնությունն առաջադրվել է ԵՄ-Արեւմտյան Բալկաններ գագաթաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու  դեկտեմբերի 6-ին Տիրանայում։

Պատճառը Ալբանիայում, Բոսնիա-Հերցեգովինայում, Չեռնոգորիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Սերբիայում եւ չճանաչված Կոսովոյում երրորդ երկրների (այդ թվում եկամտի ցածր մակարդակ ունեցող) հետ անվիզա ռեժիմի մասին համաձայնագրերի առկայությունն է։ Բրյուսելն անհանգստացած է անլեգալ միգրանտների աճող հոսքից, որոնք ԵՄ են մտնում Բալկաններով։ 2022թ. 10 ամսում երրորդ երկրների քաղաքացիների թիվը, որոնք անլեգալ մտել են միության տարածք բալկանյան երկրներով, ավելացել է՝ հասնելով 130 հազարի։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 2015-ից ի վեր։

«Վիզային ռեժիմի կարգավորումը պարտադիր պայման է»,- ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։ «Անընդունելի է, որ Արեւմտյան Բալկանները վիզային համաձայնագրեր ունենան երրորդ երկրների հետ, որոնց քաղաքացիներն օգտվում են ԵՄ մտնելու սողանցքներից»,- ավելացրել է նա։

Բալկաններում Frontex-ի ստորաբաժանումների տեղակայումը կարող է սկսվել եկող տարվա առաջին ամիսներին։ «Դա կօգնի ուժեղացնել սահմանային վերահսկողությունն ամբողջ միգրացիոն երթուղում՝ ազգային սահմանապահ ծառայությունների հետ համագործակցությամբ, եւ կկրճատի անլեգալ միգրանտների հոսքը»,- նշել է պարբերականը։

ԵՄ-Արեւմտյան Բալկաններ գագաթաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին Տիրանայում։ Միգրացիոն հարցերից բացի՝ կքննարկվեն նաեւ Եվրամիության ընքհանուր քաղաքական գծի հետ բալկանյան երկրների արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության համաձայնեցման հարցերը։