Հայաստանում կենսաչափական անձնագրերի տրամադրումը պետք է ժամանակավորապես դադարեցվի մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը։ Այս մասին այսօր ՝ դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Նա նշեց, որ կենսաչափական անձնագրերի տրամադրումը կկասեցվի մինչեւ ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխանող նոր կենսաչափական անձնագրերի ստեղծման պահը։ Այսինքն՝ դրանք պետք է ավելի անվտանգ լինեն։ Ֆիդանյանի խոսքով՝ նոր կենսաչափական անձնագրերն աստիճանաբար կփոխարինեն հին նմուշներին։ Ընդ որում, անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն առանց էլեկտրոնային պահոցի։ «Առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ դրանց բնութագրերը չեն որոշվել Հայաստանի կառավարության որոշմամբ։ Էլեկտրոնային պահոցով անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումը նախատեսված է մինչեւ 2023 թվականի փետրվարի 15-ը, իսկ առանց էլեկտրոնային պահոցով անձը հաստատող փաստաթղթերի տրամադրումը՝ փետրվարի 15-ից»,-ասաց փոխոստիկանապետը։

Այսպիսով, նախագծով սահմանվում է, որ 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը դադարեցվում է սույն օրենքով նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը): Իսկ մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրված անձնագրերը համարվում են վավեր: Ընդունման դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2022 թվականի դեկտեմբերի 30-ից:

Պատասխանելով անձնագրային եւ վիզաների վարչության աշխատանքի ծանրաբեռնվածության եւ անարդյունավետության վերաբերյալ պատգամավորների հարցերին՝ Ֆիդանյանը, մասնավորապես, նշեց, որ հիշյալ ստորաբաժանումն աշխատում է խիստ ծանրաբեռնված ռեժիմով: Այսպես, 2020 թվականին քաղաքացիներին տրվել է 70 273 անձը հաստատող փաստաթուղթ, սակայն արդեն ընթացիկ տարում (դեկտեմբերի 1-ի դրությամբ) այդ ցուցանիշը հասել է 155 766-ի։ Պատճառը, նրա խոսքով, առկա աշխարհաքաղաքական իրողություններն են։ Մասնավորապես, խոսքը ռելոկանտների բավականին մեծ հոսքի մասին է։ «Այսինքն՝ ակնհայտ է, որ ծավալներն աճել են ավելի քան երկու անգամ»,-նկատեց պաշտոնյան։