Կատարի Al Jazeera հեռուստաալիքը Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) հայց է ներկայացրել Իսրայելի դեմ իր լրագրողի՝ Շիրին Աբու Աքլեի մահվան գործով։ Այս մասին երեքշաբթի նշվել է Al Jazeera Media Network մեդիա-հոլդինիգի սեփականատիրոջ կայքում հրապարակված հայտարարությունում։

«Այսօր Al Jazeera Media Network-ը իսրայելական օկուպացիոն ուժերի կողմից իր գործընկերոջ՝ Շիրին Աբու Աքլեի սպանության գործը հանձնում է Հաագայի Միջազգային քրեական դատարան»,- նշված է փաստաթղթում։ Հայտարարության համաձայն՝ Al Jazeera-ի իրավաբանների թիմն իրականացրել է «հանգամանալից հետաքննություն եւ հայտնաբերել նոր ապացույցներ՝ հիմնված ականատեսների մի քանի վկայությունների, բազմաթիվ տեսանյութերի եւ դատական փորձաքննության տվյալների ուսումնասիրության վրա»։

Կատարի հոլդինգի՝ ՄՔԴ դատախազին ուղղված դիմումում նշվել է, որ «ականատեսների նոր վկայությունները եւ տեսանյութերը պարզ ցույց են տալիս, որ Շիրինը եւ նրա գործընկերները սպանվել են անմիջապես իսրայելական օկուպացիոն ուժերի կրակոցներից»։