Ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան՝ ելույթ ունենալով Միլի մեջլիսում, տարակուսանք է հայտնել, թե ինչպես Ֆրանսիայի Ազգային ասամբլեան միաձայն բանաձեւ ընդունեց Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այդ կապակցությամբ նա բողոքել է եվրոպական երկրներում ադրբեջանական դիվանագիտական կորպուսից, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Անցած նստաշրջանի ժամանակ մենք մեր վերաբերմունքը հայտնեցինք 256 պատգամավորների ստոր որոշման հանդեպ։ Բայց մենք մոռացանք խոսել մեր անգործության մասին։ Ո՞րն է մեր անգործությունը։ Խոսքը Ֆրանսիայի, Բելգիայի, Գերմանիայի, այլ երկրների մասին է։ Ինչպե՞ս կարող է նման բան լինել, որ միաձայն բանաձեւ է ընդունվում,  եւ ոչ ոք չի աջակցում Ադրբեջանին։ 30 տարի այնտեղ գործում է մեր դիվանագիտական կորպուսը։ Մի՞թե այդ դեսպաններն այնտեղ 5-6 ծանոթներ, ընկերներ չունեին։ Մի՞թե քիչ բնակչություն ունեցող Հայաստանին հաջողվեց ազդեցություն ունենալ։ Անհավատալի է։ Մեր խնդիրն այն է, որ չենք կարողանում լուծել մեզ առնչվող հարցերը։ Շատ հաճախ բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցնում ոչ կոմպետենտ մարդիկ։ Մեր դիվանագիտական կորպուսը պետք է հնարավորություն ունենա շփվելու այդ երկրներում կոմպետենտ անձանց հետ, որոնք կարող են ազդել հասարակական կարծիքի վրա։ Նրանք պարզապես հինգ տարի են անցկացնում այնտեղ եւ վերադառնում։ Ոչ ոք չի հարցնում՝ ինչո՞վ էին զբաղված»,-ասել է պատգամավորը։