Իրանական «Սահար» հեռուստաալիքը եւ իրանական ռադիոկայանները ներխուժում են Ադրբեջանի տեղեկատվական տարածք եւ խաթարող գործունեություն են ծավալում։ Այս մասին Միլի մեջլիսի նիստում հայտարարել է պատգամավոր Ջեյհուն Մամեդովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանի շրջաններում ադրբեջանական ռադիոկայանները հաճախ ընդհատվում են իրանական ռադիոյով, որով կրոնական քարոզչություն է իրականացվում։ Համացանցում Իրանի տեղեկատվական պատերազմն ուղղված է Ադրբեջանում բնակվող ժողովուրդների միջեւ ազգամիջյան պառակտում եւ լարվածություն սերմանելուն։ Սոցիալական ցանցերում «թալիշ» մականուններով կեղծ հաշիվների միջոցով եւ այլն տարատեսակ ապատեղեկատվություն են տարածում Ադրբեջանին վարկաբեկելու նպատակով»,-բողոքել է Մամեդովը։ Նրա խոսքով՝ թեեւ նման իրավիճակը շարունակվում է մի քանի տարի, սակայն իրանական քարոզչության դեմ ոչ մի գործնական միջոց չի ձեռնարկվում:

Նա նշել է, որ «պետք է կազմակերպել ադրբեջանական հեռուստա- եւ ռադիոալիքների հեռարձակումը պարսկերեն եւ արաբերեն լեզուներով, որպեսզի տեղեկատվական պատերազմի ֆոնին արտասահմանյան լսարանին հասցվի Ադրբեջանի մասին ճշմարտությունը»։