«Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը չի վերցրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը:

Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը չվերցնելու վերաբերյալ:

Ստեղծված իրողություններն անհամատեղելի են հավանական պատգամավորական գործունեությանս հանդեպ ունեցած պատկերացումների և առաջնային մանդատից բխող գործողությունների հանդեպ ունեցածս պատասխանատվության հետ:

Հետագա հասարակական գործունեությանս մեջ անդավաճան եմ մնալու սկզբունքներիս և անկախ կարգավիճակից` շարունակելու եմ ընդդիմադիր գործունեությունս ու պայքարը` գործող ապիկար իշխանությունների դեմ:

Աստված պահապան Հայաստանին և Արցախին»:

Հիշեցնենք, որ նախօրեին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը եւս հայտարարել էր, որ պատգամավորական մանդատը չի վերցնելու։

Նշենք, որ օրերս պատգամավորական մանդատից հրաժարվել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցրել է գործունեությունն ԱԺ–ում. կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ: