Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել են երկու երկրների բանակների անձնակազմին, որոնք մասնակցում են «Եղբայրական բռունցք» անվանումը կրող զորավարժություններին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Ալիեւը զորավարժություններն անվանել է ադրբեջանա-թուրքական միասնության հերթական դրսեւորումը։

Իր հերթին, Էրդողանը նշել է «մեկ ժողովուրդ, երկու պետություն» սկզբունքով անցկացվող զորավարժությունների հաջող ընթացքը՝ ընդգծելով, որ ադրբեջանա-թուրքական միությունը ոչ ոք չի կարող բաժանել։

Հիշեցնենք, որ զորավարժություններն անցկացվում են Իրանի սահմանների մոտ, ինչն ակնհայտորեն նպատակ ունի ցույց տալ Թեհրանին Բաքվի եւ Անկարայի մտադրությունների վճռականությունը: Հեռուն գնացող ծրագրերի մասին պատմել է Ալիեւների կլանի վերահսկողության ներքո գտնվող ադրբեջանական պարբերականը՝ ակնկարկելով Իրանի տարածք թուրքական զորքերի ներխուժման հնարավորության մասին։