Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը ԼՂ խնդրի հետ առնչություն չունի, այդ սահմանը  գոյություն ունի եւ 1991-ից երբ երկու երկրներն անկախացել են, այդ սահմանը  Ալմա Աթայի հռչակագրով վերահաստատվել է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՀԿ ԽՎ–ում հայկական պատվիրակության անդամների՝ ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

«Դիցուք երեւակայեք, Հայաստանը մեկ այլ տարածաշրջանում լիներ, ԼՂ ժողովուրդն այդ գործընթացն անցնելու էր, չէ՞: Հայաստան-Ադրբեջանի միջպետական սահմանը կապ չունի ԼՂ հիմնախնդրի հետ: Հայաստանը տարածքի վիճարկմամբ չէ, որ այս հակամարտության մեջ որեւէ դերակատարում է ունեցել  30 տարի շարունակ: Սա տարածքային վեճ չէ, հետեւաբար, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը, դրա վերահաստատումը, հղումը  տարբեր փաստաթղթերի, որով այդ սահմանը վերահաստատվում է, առնչություն չունի ԼՂ խնդրի հետ: Հայաստանը չպետք է ներքաշվի տարածքային վեճի մեջ»,-ասաց նա:

Մարիա Կարապետյանի խոսքով, թե ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, թե 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա, վերջինս էլ պաշտպանվել է. «Քանի որ Ադրբեջանի տեսակետը այն է, որ դա տարածքային վեճ է մեր երկու երկրների միջեւ, Ադրբեջանը հարձակվում է նաեւ Հայաստանի վրա, բայց դրանից հարցի նկատմամբ մեր վերաբերմունքը չի փոխվում: Մենք հարեւան երկրի տարածքի վիճարկմամբ չէ, որ այդ հակամարտության մասին դիրքորոշում ունենք»,-ընդգծեց նա:

Հարցին, թե եթե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ դեպքում արցախահայությունը ո՞ր երկրի տարածքում է ապրում, եւ որ տարածքում պետք է ինքնորոշվեն, ՔՊ-ական պատգամավոր Էդվարդ Աղաջանյանը պատասխանեց. «Արցախցիները պետք է ինքնորոշվեն միջազգային իրավունքի դրույթների համաձայն՝ համապատասխան միջազգային իրավունքներից ու օրենքներից ելնելով: Դա իրենց իրավունքն է: Արցախի հարցի էությունը ժողովուրդների, ազգերի ինքնորոշման իրավունքի խնդիր է եղել, կա եւ շարունակում է մնալ: Մենք երբեք տարքծային վեճի մեջ չենք մտնելու»:

Նշվեց նաեւ, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը չի նշանակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հարցը չկա. Մեկը մյուսի հետ ուղղակի կապված չէ: